Իրավական աջակցության արդյունքում Արցախից բռնի տեղահանված անձը ներառվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող armrights.am առցանց իրավական աջակցության հարթակի միջոցով դիմել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձ Է․ Մուսաելյանը, խնդրելով աջակցել իրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու հարցում։
Հայտատուն երկու անգամ դիմել էր նշված ծրագրի շահառուների ցանկում ներառվելու համար, սակայն ստացել էր մերժում՝ այն հիմնավորմամբ, որ չի բավարարում շահառու ճանաչվելու համար սահմանված պահանջներին և չի համարվում բռնի տեղահանված անձ, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո փաստացի չի բնակվել Լեռնային Ղարաբաղում։
Է․ Մուսաելյանը ծնվել և մեծացել էր Արցախում։ 2020 թվականին, կրթությունը շարունակելու նպատակով, նա ընդունվել էր ՀՀ ռազմական ուսումնական հաստատություն։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը պայմանավորված էր բացառապես ուսումնական պարտավորություններով և ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ ուսումնական ծրագրի ավարտից հետո նա նախատեսում էր շարունակել ծառայությունը Արցախում։
Սակայն Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի փակման և հետագա բռնի տեղահանության հետևանքով նրա վերադարձը Արցախ օբյեկտիվորեն անհնար էր դարձել։ Միաժամանակ, նրա ծնողները հանդիսանում էին Արցախից բռնի տեղահանված անձինք և արդեն իսկ ընդգրկված էին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։
Չնայած նշված հանգամանքներին՝ վերջինիս դիմումները մերժվել էին՝ առանց ամբողջական գնահատման ենթարկելու նրա փաստական կապը Արցախի հետ, ընտանիքի կարգավիճակը և ՀՀ-ում գտնվելու իրական պատճառները։
Դիմումի ուսումնասիրությունից հետո Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանական թիմն իրականացրեց ներկայացված փաստերի և առկա իրավական կարգավորումների համապարփակ ուսումնասիրություն։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց, որ անհրաժեշտ էր ապահովել անձի իրավիճակի ամբողջական և անհատականացված գնահատում՝ հաշվի առնելով նրա փաստական կապը Լեռնային Ղարաբաղի հետ, ՀՀ-ում գտնվելու իրական նպատակը, ընտանիքի կարգավիճակը և ստեղծված օբյեկտիվ հանգամանքները։
ԻՀԱ-ի իրավաբանական թիմը պատրաստեց և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացրեց հիմնավորված գրություն՝ խնդրելով վերանայել Է
Մուսաելյանի վերաբերյալ ընդունված մերժման որոշումը և իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություն։
Ներկայացված իրավական դիրքորոշմամբ ընդգծվեց, որ նման դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ միայն անձի ֆորմալ գտնվելու վայրի գնահատմամբ, այլև հաշվի առնել գործի բոլոր էական փաստական և իրավական հանգամանքները՝ ապահովելով սոցիալական աջակցության ծրագրի նպատակին համապատասխան անհատականացված մոտեցում։
Արդյունքում, ներկայացված իրավական հիմնավորումների և գործի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում հարցը ներկայացվել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ սահմանված կարգով գործող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած, սակայն շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը։
2026 թվականի հունիսի 30-ի նիստում հանձնաժողովը քննարկել է ներկայացված դիմումը և ընդունել դրական որոշում։
Արդյունքում՝ Է Մուսաելյանը ներառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում։
Այս պատմությունը վկայում է, որ արդյունավետ իրավական աջակցությունը կարող է էական նշանակություն ունենալ անձի իրավունքների պաշտպանության, իրավական խոչընդոտների հաղթահարման և իրավունքների արդյունավետ իրացման գործում։
Վերադառնալ ցանկ