Արցախահայերի իրավունքների պաշտպանությունը համազգային խնդիր է. Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը աջակցության համար դիմում է հազար խոշոր հարկատուներին

07.02.2025
Արցախահայերի իրավունքների պաշտպանության www.armrights.am առցանց հարթակը ներկայացնում է հարցազրույց Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանի հետ՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության արդի խնդիրների և հայ գործարար համայնքի հետ համագործակցության հեռանկարների մասին:

- Տիկին Առուստամյան, ի՞նչ նպատակով է ստեղծվել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը:

- Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնցից տասը հիմնադրվել և ղեկավարվում են Արցախից և Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից: Մեր առաքելությունն է նպաստել արցախահայերի ինտեգրմանը Հայաստանում՝ իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով: Կարճ ժամանակահատվածում մենք ձևավորել ենք գործուն կառավարման խորհուրդ, անցկացրել ենք յոթ նիստ, որտեղ քարտուղարությունը պարբերաբար ներկայացրել է ծրագրի առաջընթացը և հանդես եկել հայտարարություններով՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության հրատապ հարցերի վերաբերյալ:

- Կարո՞ղ եք խոսել ձեր թիմի արդեն իսկ կատարած աշխատանքի մասին:

- Մեր թիմը մեկ տարվա ընթացքում անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերել 305 Արցախից բռնի տեղահանված անձի: Որպես Ցանցի կառավարման խորհրդի նախագահ, ես անձամբ մասնակցել եմ համայնքներում արցախահայերի հետ կազմակերպված սեմինարներին և հանդիպումներին՝ անմիջականորեն լսելով մեր հայրենակիցների իրավական խնդիրները:Մեր մասնագետներն այցելել են 22 համայնք՝ Գյումրիից մինչև Գորիս: Բացի այդ, ստեղծել ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության www.armrights.am առցանց հարթակը, որի միջոցով արցախահայերը կարող են ստանալ իրավաբանական օգնություն նաև հեռավար եղանակով:

- Որո՞նք են արցախահայերի առջև ծառացած հիմնական իրավական խնդիրները:

- Մեր վերլուծությունները ցույց են տվել հետևյալ հիմնական իրավական խնդիրները՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, փախստականի կարգավիճակի, սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի վերականգնման, ժառանգության ընդունման և կենսաթոշակների հարցերը: Վերը նշված յուրաքանչյուր իրավական խնդրի լուծման վերաբերյալ մեր թիմն արդեն մշակել և ՀՀ կառավարությանն է ներկայացրել հանրային քաղաքականության փաստաթուղթ: Մեր նպատակն է ոչ միայն արցախահայերի անհատական խնդիրների լուծումը, այլև արցախահայերի իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային բարելավման փոփոխությունների առաջարկում պետական մակարդակում:

- Ինչու՞ եք այսօր դիմում հայաստանյան գործարար համայնքին և հայ ազգային բարերարներին:

- Այսօրվանից սկսած մենք դիմելու ենք Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին, ազգային գործարարներին և բարերարներին, քանի որ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը մեր ազգային արժանապատվության հարց է: Մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի վերականգնված իրավունքը, լուծված խնդիրը, վերադարձված փաստաթուղթը նշանակում է մեկ ընտանիքի վերածնունդ: Այս ճակատագրական պահին մեր ազգի միասնականությունը, հատկապես ազգային գործարար համայնքի և ազգային բարերարների մասնակցությունը, կարող է վճռորոշ դեր խաղալ արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում:
Մենք ստեղծել ենք թափանցիկ մեխանիզմ, որտեղ յուրաքանչյուր ներդրված դրամի օգտագործումը հստակ հաշվետու է և տեսանելի արցախահայերի իրավունքների պաշտպանության www.armrights.am առցանց հարթակում: Առաջին հերթին մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում հազար խոշոր հարկատուներին, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ ստեղծում են ավելացված արժեք մեր երկրի համար: Լիահույս ենք, որ ազգային գործարար համայնքը և բարերարները, հավատարիմ մնալով իրենց ազգանվեր ավանդույթներին, կարձագանքեն մեր կոչին: Մեր հարթակում հատուկ տեղ կհատկացվի այն կազմակերպություններին և անհատներին, որոնք կգտնվեն իրենց բարձրության վրա և կօժանդակեն այս ազգանվեր նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք էական փոփոխություն բերել մեր հայրենակիցների կյանքում՝ վերականգնելով նրանց խախտված իրավունքները և արժանապատվությունը:

www.armrights.am
Վերադառնալ ցանկ