Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նիստը՝ ամփոփիչ հաշվետվության ներկայացմամբ

03.02.2025
Սույն թվականի հունվարի 31-ին zoom հարթակում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ Ցանց) կառավարման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպումը նախագահեց Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանը։ Նիստի ընթացքում հիմնական զեկուցումներով հանդես եկան Ցանցի գլխավոր քարտուղար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանը։
Նիստի օրակարգի կենտրոնական հարցը ծրագրի տարեկան գործունեության ամփոփիչ հաշվետվության ներկայացումն էր։ Հաշվետվության շրջանակներում մանրամասն ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները և հաղթահարված մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն դարձվեց Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերին և դրանց արդյունքներին։
Քննարկման ընթացքում Ցանցի անդամները ակտիվորեն ներգրավվեցին երկխոսության մեջ՝ կիսվելով իրենց դիտարկումներով և առաջ քաշելով նոր գաղափարներ հետագա գործունեության վերաբերյալ։
Նիստի ավարտին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը հատուկ ընդգծեց, որ չնայած ծրագրի ավարտին, կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, շարունակելու է սեփական միջոցներով իրավաբանական ծառայություններ մատուցել Արցախից բռնի տեղահանված անձանց։ Այս հայտարարությունը վկայում է կազմակերպության երկարաժամկետ հանձնառության մասին՝ աջակցելու տեղահանված հայրենակիցներին։
Վերադառնալ ցանկ