Սույն թվականի հունվարի 17-ին zoom հարթակում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ Ցանց) կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստը վարեց Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանը, իսկ նիստի քննարկման հարցերը ներկայացրեցին Ցանցի գլխավոր քարտուղար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը։
Նիստի օրակարգի առանցքային հարցի քննարկման արդյունքում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունն ընդունվեց Ցանցի անդամության շարքերը։ Որոշումը կայացվեց կազմակերպության՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած փորձառության և գործունեության մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ցանցի քարտուղարության վերջին ձեռքբերումները՝
արցախահայերին տրամադրված իրավաբանական աջակցության արդյունքները
«Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում հրապարակված տեսաձայնային նյութերը, որոնք համակողմանիորեն լուսաբանում են արցախահայերի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները
Առանձին ներկայացվեց նորաստեղծ armrights.am էլեկտրոնային հարթակը, որը ծառայում է որպես արցախահայերի իրավունքների պաշտպանության գործիքակազմ։ Մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին հարթակի գործառնական առանձնահատկությունները և դրա կիրառման հեռանկարները։
Նիստի ավարտին Կառավարման խորհրդի անդամները սահմանեցին Ցանցի հետագա գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերի շարունակականության ապահովման մեխանիզմները։