Արցախցիների հետ հանդիպում Թումոյում․ ներկայացվեց ԻՀԱ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագիրը

11.06.2024
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացրեցին ծրագիրը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության և ԻՀԱ-ի համատեղ ջանքերով։
ԻՀԱ ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը իր խոսքում նշեց, որ ծրագրին ունի մի քանի նպատակ՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում, իրենց բնակության նոր համայնքներում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակը։
«Ծրագրի շրջանակներում մենք արդեն ունենք ոչ ֆորմալ ցանց, որի ներկայացուցիչներն Արցախում ակտիվ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպություններն են, որոնք այժմ այստեղ են իրականացնում իրենց գործունեությունը։ Ցանցի հիմնական նպատակն այն է, որ արցախցիների ձայնը ավելի հասու լինի պետական մարմիններին։ Մոտ 12 ՀԿ կա ցանցում»,-նշեց նա։
Անահիտ Մարդոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ստեղծվել է ինովացիոն, ինտերակտիվ լուծումներով էլեկտրոնային հարթակ, որի միջոցով Երևանից հեռու բնակվող արցախցիները կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները։ Դրանք ապագայում ներկայացվում են իրավասու մարմիններին։
Ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանն ասաց, որ մեկնարկը տրվել է փետրվարին, իրենք հասցրել են լինել 9 համայնքներում, շուրջ 120 արցախցու տվել են իրավաբանական խորհրդատվություն։
«Խորհրդատվությունների ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ դեռևս չկան կամ թերի են։ Ունենք նաև հաջողության պատմություններ։ Օրինակ՝ մեկ անձի թաղման նպաստ չէին տրամադրել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ հիմք չունեն, բայց մեր կողմից հնարավոր եղավ վերականգնել և անձը ստացավ թաղման նպաստ։ Մարդիկ մեր միջոցով կարողացան ստանալ սոցիալական աջակցության գումարները»,-նշեց իրավաբանը։
Մարիաննա Ավագյանը ներկայացրեց արցախահայերին բնակարաններով ապահովվելու Կառավարության ծրագիրը, որը մի շարք հարցեր է առաջացրել։
Արցախցիները իրավաբանին հղեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են աջակցության ծրագրերից օգտվելուն, աշխատանքային գրքույկներին և իրավական մի շարք այլ խնդիրներ, որոնց վերջիններս բախվել են Հայաստանում։
«Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության համագործակցությունների համակարգող Շուշան Քոչարյանն էլ իր հերթին ընդգծեց, որ շատ կարևոր են նման հանդիպում-քննարկումները, որպեսզի հնարավորություն լինի հասկանալլ՝ ինչ խնդիրներ կան։
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@armla.am:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Վերադառնալ ցանկ